Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Եթե սպասելիք, ապա` Մեսիից

Եթե սպասելիք, ապա` Մեսիից
08.02.2013 | 13:24

Ֆուտբոլի էլիտար ազգային առաջնություններում երկար ժամանակ է, ինչ բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների աղյուսակում փոփոխություններ չեն լինում: Հետաքրքիրն այն է, որ մոտակա ժամանակներում նման բան չի էլ կանխանշվում` բացառությամբ իսպանականի, որտեղ հնարավոր փոփոխությունը կապվում է մեր ժամանակների լավագույն ֆուտբոլիստի` Լիոնել Մեսիի անվան հետ:
Այսպես, անգլիական ֆուտբոլում ամենայն հավանականությամբ դեռ երկար ժամանակ անհասանելի կմնա լեգենդար հարձակվող Ջիմի Գրիվսը, ում անվան դիմաց գրանցված է 357 գոլ: Այս գնդակները 1966 թվականի աշխարհի չեմպիոնը խփել է տասնչորս տարում` հանդես գալով «Չելսիի», «Տոտենհեմի», «Վեստ Հեմի» կազմերում: Հարկավ, իր ունեցած տաղանդով նա շատ ավելի գոլերի հեղինակ կարող էր դառնալ, սակայն համեմատաբար վաղ տեղափոխվեց ցածր լիգաներում հանդես եկող թիմեր: Անգլիական ֆուտբոլում Գրիվսին, խոշոր ցանկության դեպքում, պոտենցիալ մրցակից կարելի է դիտել «Մանչեստր Յունայթեդի» 27-ամյա հարձակվող ՈՒեյն Ռունիին, սակայն այս պահի դրությամբ իր լեգենդար մրցակցից 200-ից ավելի պակաս խփած գնդակն առանձնակի լավատեսության հիմքեր չի տալիս, որքան էլ Ռունին երիտասարդ է, կայուն խաղ ցուցադրող ակումբում է հանդես գալիս, սկզբունքորեն մշտապես հիմնական կազմի ֆուտբոլիստ է:
Առաջիկա 10-15 տարում դժվար է փոփոխություններ սպասել նաև գերմանական ֆուտբոլում, որտեղ անմնացորդ լիդերություն է անում լեգենդար Գերդ Մյուլլերն իր 365 գոլով: Հետաքրքրական է, որ նա երբեք չի փոխել իր ակումբը, բոլոր այդ 14 (1965-1979 թթ.) տարիներին հանդես է եկել միայն ու միայն Մյունխենի «Բավարիայի» կազմում: Զուտ հետաքրքրության համար նշենք, որ Մյուլլերին էր քառասուն տարի շարունակ պատկանում օրացուցային մեկ տարվա ընթացքում խփած գոլերի առավելագույն թիվը` 85, որն անցած տարի գերազանցել է Լիոնել Մեսին` հասցնելով 91-ի:
Ամենայն հավանականությամբ երկարակեցության սինդրոմով կտառապի նաև 1938 թվականի աշխարհի չեմպիոն Սիլվիո Պիոլայի (Իտալիա) ակտիվում եղած 274 գոլը, որոնք նա հեղինակել է ամբողջ քսան տարում, 1934-1954 թվերին: Տեսականորեն հնարավոր է, որ նրան շրջանցի Ֆրանչեսկո Տոտին (223 գոլ), սակայն դրա համար 36-ամյա ֆուտբոլիստին անհրաժեշտ է միջինը 18 գոլ արդյունավետությամբ գոնե երեք մրցաշրջան, ինչն այնքան էլ հավանական չէ նրա այս տարիքում, թեպետ հայտնի խոսքն ասում է` ի՞նչ իմանաս, մինչև հաստատ չիմանաս:
Ապագայի առումով շատ ավելի անհեռանկարային է ներկայանում ֆրանսիական առաջնությունը, որի լավագույն ռմբարկուին` Դելիո Օնիսին (299 գոլ) այսօր քչերն են հիշում, և այստեղ որոշակի օրինաչափություն կա, քանի որ իտալական արմատներով արգենտինացին գերազանցապես հանդես է եկել միջին որակի թիմերում («Ռեյմս», «Մոնակո», «Տուր», «Տուլոն»` 1971-1986 թթ.), և արդյունքի նկատմամբ ուշադրությունն էլ եղել է «ծայրամասայինի» բնույթի: Օնիսի ռեկորդի հավանական երկարակեցության գաղտնիքը պիտի տեսնել մեկ բանում. այսօր առաջատար երիտասարդ ֆուտբոլիստները ֆրանսիականից առավել են կարևորում եվրոպական բարձրակարգ մյուս ֆուտբոլային տերությունների առաջնությունները:
Ինչ վերաբերում է իսպանական առաջնությանը, այստեղ առայժմ տնօրինություն է անում Թելմո Սարան, ով 1940-1955 թվականներին «Աթլետիկի» կազմում դարձել է 251 գոլի հեղինակ: Սակայն, մյուսների համեմատությամբ, հենց իսպանական ֆուտբոլի լավագույն ռմբարկուի դիրքերն են ավելի խարխլուն ու դա առաջին հերթին Լիոնել Մեսիի «մեղքով», ով իր քսանհինգում անցել է 200 գոլի սահմանն ու արդեն իսկ երկրորդ մրցաշրջանն է թիրախի տակ առել առաջնությունում հերթական անգամ սպասվելիք հիսուն գոլով: Այդպիսի արդյունավետության ընդամենը ևս մեկ մրցաշրջան, ու համաշխարհային ֆուտբոլի գերաստղը կդառնա թող որ տեղական նշանակության, բայց, բոլոր դեպքերում, պատվաբեր ռեկորդի հեղինակ: Չմոռանանք, որ խոսքն Իսպանիայի առաջնության մասին է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2047

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ